Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայիսի 9-ին միասնական Եվրոպան նշում է իր տոնը

Մայիսի 9-ին միասնական Եվրոպան նշում է իր տոնը
10.05.2017 | 00:58

Հետխորհրդային ամբողջ տարածքում մայիսի 9-ին տոնվում է Հաղթանակի օրը, որ Արևմուտքը նշում է մայիսի 8-ին, իսկ 9-ին նշում է Եվրոպայի օրը: 1985-ի մայիսի 9-ից ԵՄ երկրներում Եվրոպայի օրը տոն է՝ ի հիշատակ Շումանի Հռչակագրի: 1950-ի մայիսի 9-ին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ռոբեր Շումանը գերմանացիներին արեց առաջարկ, որը հիմք դրեց ոչ միայն ֆրանս-գերմանական համագործակցությանը՝ պատերազմների ու փոխադարձ ատելության երկար տարիներից հետո (1870-1945), այլև՝ Եվրամիության:


Շումանն առաջարկեց միավորել Ֆրանսիայի և Արևմտյան Գերմանիայի մետալուրգիան և ածխահանությունը: Ածխի ու պողպատի համատեղ արտադրությունը՝ զենքի արտադրության գլխավոր ռեսուրսների, երկրների համար, որ վեց տարի առաջ կռվում էին միմյանց հետ, կարևորագույն քայլ դարձավ նոր, հետպատերազմյան, խաղաղ Արևմտյան Եվրոպայի կառուցման համար: Դա Շումանի գաղափարը չէր, նա բարձրաձայնում էր Ժան Մոնեի առաջարկը, մարդ, ում անվանում են «Միասնական Եվրոպայի հայր»: Մոնեն քաղաքական գործիչ էր, ձեռներեց, և վերջապես, Երկրորդ աշխարհամարտում գեներալ Շառլ դը Գոլի զինակիցը: Հենց նա է Առաջին ու Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ զբաղվել գերմանացիների հետ կռվող բանակների մատակարարման ծրագրերով: «Ֆրանսիայի կառավարությունն առաջարկում է Ֆրանսիայի ու Գերմանիայի ածխի ու պողպատի ամբողջ արտադրությունը դնել համատեղ Բարձրագույն օրգանի վերահսկողության տակ: (…) Ածխի և պողպատի համատեղ արտադրությունը անհապաղ կապահովի տնտեսական զարգացման ընդհանուր հիմքերի ստեղծումը, Եվրոպայի դաշնության ստեղծման ճանապարհի առաջին փուլի»՝ հայտարարեց Ռոբեր Շումանը 1950-ի մայիսի 9-ին: «Միացյալ Եվրոպան մի րոպեում չի ստեղծվի,-շարունակում էր ֆրանսիացի նախարարը,- բայց եվրոպական ազգերի միավորման գաղափարը պահանջում է, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի մեկդարյա դիմակայությունը դադարեցվի»: 1951-ի ապրիլի 18-ին Շումանի առաջարկին հետևեց Փարիզյան պայմանագրի ստորագրումը ածխի ու պողպատի եվրոպական միավորման ստեղծման մասին (ЕОУС): Պայմանագիրը վեց երկրներ ստորագրեցին՝ Ֆրանսիան, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, Իտալիան, Բելգիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը: «Բարձրագույն օրգանը», որի մասին խոսում էր Շումանը, անվանվեց Ածխի և պողպատի միավորման եվրոպական բարձրագույն մարմին, որը ղեկավարեց Ժան Մոնեն: 1957-ին ևս մեկ կարևորագույն, առանցքային նախագիծ ի հայտ եկավ՝ վեց երկրները ստորագրեցին Հռոմի համաձայնագիրը, որը նախատեսում էր Եվրոպական տնտեսական ընկերակցության ստեղծում՝ առաջին հերթին մաքսային սահմանների վերացում:


1967-ին Ածխի և պողպատի միավորման եվրոպական բարձրագույն մարմինը միավորեցին 1957-ին ստեղծված Եվրոպական տնտեսական ընկերակցության հանձնաժողովների և Ատոմային էներգիայի եվրոպական ընկերակցության հետ: Բոլորը հայտնվեցին Եվրահանձնաժողովի ենթակայության տակ, որ մինչև այսօր ԵՄ գործադիր իշխանության մարմին է:


Շումանի Հռչակագրից անցած 67 տարիներին եվրոպական նախագիծը ցույց տվեց իր կենսունակությունը՝ տնտեսական ու քաղաքական համագործակցությունը մայր ցամաքում խորանում ու ընդլայնվում էր: Բայց վերջին տարիներին, և դա ընդունում են նախագծի քննադատներն ու կողմնակիցները, միասնական Եվրոպան տենդում է: Ճգնաժամի ամենավառ ապացույցը 2016-ի հունիսն էր, երբ բրիտանացիները հանրաքվեում կողմ քվեարկեցին ԵՄ-ից դուրս գալուն: 2017-ի մարտի 29-ին սկսվեց ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պաշտոնական գործընթացը: Առաջիկայում ԵՄ-ում կմնան 27 երկրներ 28-ի փոխարեն, իսկ նոր պետություններ եվրոպական միասնական տարածքում ընդգրկելը, ակնհայտորեն, պետք է հետաձգել: Հիմա խոսքը նախագծի պահպանման մասին է: Ֆրանսիայում եվրաինտեգրման կողմնակից Էմանուել Մակրոնի հաղթանակը ազգայնական Մարին լը Պենի նկատմամբ, հիանալի նվեր էր նրանց, ովքեր Եվրոպայի օրը տոն են համարում:
RFI


Հ.Գ. Երկրորդ համաշխարհային պատերազմում նույնիսկ հաղթանակի օրը Եվրոպան ու Ռուսաստանը նույն օրը չեն նշում՝ Եվրոպան մայիսի 8-ին, Ռուսաստանն ու հետխորհրդային տարածքը՝ մայիսի 9-ին: Եվ դա պատմության ու ներկայի միակ տարընթերցումը չէ: ԵՄ-ի ճգնաժամը միայն բրեկզիտը, ազգայնականներն ու ահաբեկչությունը չեն, բաժանված աշխարհի վերաբաժանման միտումներն են, որ դարձել են երկու համակարգերի սառը պատերազմ կամ երկու համակարգերի պատերազմ երրորդ երկրներում: Ածխի ու պողպատի նոր գերագույն օրգան է պետք՝ նոր գաղափարներ ու նոր գաղափարակիրներ՝ հավերժական թեմայով՝ պատերա՞զմ, թե՞ խաղաղություն, դիմակայությո՞ւն, թե՞ համագործակցություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8512

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ